Մարդկային հասարակությունը կանգնած է աննախադեպ գլոբալ փոփոխությունների առաջ, որոնք հետևանք են աշխարհում տեղի ունեցող ուժային բնույթի տեկտոնական տեղաշարժերի և որոնք իրենց մասշտաբներով աննախադեպ են։
Դրա հետևանքով ստեղծվող պայմաններում իրավիճակը հասկանալու և դրանում ճիշտ կողմնորոշվելու համար պետք են նոր գիտական ընդհանրացումներ, քանի որ ներկայում գոյություն ունեցող այնպիսի գիտությունները, ինչպիսիք են կոնֆլիկտաբանությունը, էկոնոմիկան, սիստեմների տեսությունը և այլն, ի զորու չեն միասնական տեսանկյունից նկարագրել, բացատրել ու կառավարել մարդկային հասարակության կյանքն ու գործունեությունը։
Եվ դրանք պետք է լինեն այնպիսի գիտական ընդհանրացումներ, որոնք, արտացոլելով հասարակության կյանքի էական կողմերը միասնական տեսանկյունից, կարող են կիրառելի լինել մարդկանց կամայական մեծության խմբերի վարքի ու նրանց փոխազդեցությունների բացատրության ու կառավարման համար։
Իսկ դրա համար պետք է գտնել սկզբունքների վրա հիմնված մի վերից վար մոտեցում, որի միջոցով, օգտագործելով մարդկային գործունեության հիմքում ընկած մի ընդհանրություն, հնարավոր լինի կառուցել բոլոր տեսակի մարդկային համակարգերի գործունեությունը բացատրող ունիվերսալ տեսություն։
Ակնհայտորեն, նման, ինվարիանտ կառուցվածքային կորիզը մարդ արարածն է իր ունիվերսալ վարքով, որի առանցքը ժամանակի, միջավայրի ու իրավիճակի նկատմամբ ինվարիանտ նրա ձգտումն է դեպի կյանքի հնարավորինս բարեկեցիկ հարատևում և նրա հուսալի շարունակականություն։
Ուրիշ խոսքով, մարդ արարածի լայն իմաստով ապրելու ձգտումը ընկած է մարդկային հասարակության գոյության հիմքում և, հետևապես, հասարակության կյանքի ու նրա գործունեության բացատրության ու կառավարման հիմքում պետք է ընկած լինի անձի կյանքի ու գործունեության մասին ընդհանրացված բնույթի գիտությունը։
Ունենալով նման ընդհանրացված գիտություն անձի վարքի ու գործունեության մասին, այն կարող է որպես հուսալի հիմք ծառայել մարդկային տարբեր մեծության ու մասշտաբի խմբերի վարքի ու գործունեության նկարագրության, բացատրության ու կառավարման համար, ներառյալ հասարակական, պետական և քաղաքակրթական կյանքի բոլոր դրսևորումները, քանի որ այդ ամենի առանցքը մարդու ունիվերսալ վարքն է։
Անձ մակարդակի մարդկային գործունեության բուն էության ու իմաստի մեջ խորանալու համար էլ պետք է գտնել ժամանակի, միջավայրի ու իրավիճակի նկատմամբ ինվարիանտ ու ավելի ցածր մակարդակի մի այլ վարքային կորիզ, որի ունիվերսալ գիտական նկարագրությունը կարող է հիմք դառնալ անձի կյանքի ու գործունեության ունիվերսալ գիտական նկարագրության համար։
Այս նպատակի համար հարմար է դիտարկել մարդու կյանքը որպես տարբեր բնույթ ու նպատակներ ունեցող գործողությունների հաջորդականություն, որոնց բոլորի գլոբալ նպատակը, եթե դրանք սխալի արդյունք չեն, հնարավորինս անվտանգ ու բարեկեցիկ մարդկային կյանքի հարատևումն է։
Դա նշանակում է, որ անձի կյանքի ու գործունեության մասին գիտության համար որպես ունիվերսալ հիմք կարող է ծառայել նրա առանձին վերցրած գործողության ունիվերսալ գիտական նկարագրությունը և վերջինիս ընդհանրացումը նրա կյանքի մաս կազմող տարբեր բնույթի գործունեությունների համար, ներառյալ դրանց կենսաբանական և սոցիալական կողմերը։
Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մարդու կողմից կատարվող բոլոր գործողությունների իրականացման ստրուկտուրան նույնն է՝
1․ Գիտակցել ու գնահատել կատարվելիք գործողությունը կյանքի հարատևման տեսանկյունից,
2․ Համեմատելով գործողության իրականացման հնարավոր տարբերակները դրանց էֆեկտիվության տեսանկյունից,
3․ Վերջնական որոշում կայացնել,
4․ Իրականացնել գործողությունը,
5․ Ելնելով նպատակին հասած լինելուց կամ չլինելուց, համարել գործողությունն ավարտված կամ էլ կրկնել այն նույն հաջորդականությամբ, բայց արդեն տարբեր շեշտադրումներով։
Եթե անցնենք մարդու կողմից կատարվող որևէ գործողության ունիվերսալ գիտական նկարագրությանը, լինի այն կապված նրա անվտանգության, սնունդ հայթայթելու, թե կյանքի շարունակականության հետ, ապա այն կարող է դիտարկվել որպես հարատևման իմաստով կյանքի պահանջարկի և դրա իրականացման համար անձի ունակությունների վրա հիմնված առաջարկի համապատասխանության կամ էլ անհամապատասխանության տեսանկյունից։
Հենց կյանքի կողմից այդ առաջարկի բարդության և անձի կողմից իր ունակությունների վրա հիմնված պատասխան առաջարկի միջև բալանսի ու դիսբալանսի վրա է հիմնված մարդու գոյության ընթացքը։
Կախված նրանից, թե կատարվելիք գործողության բարդությունը և մարդու կողմից այն իրականացնելու ունակությունը իրար հավասար են կամ էլ մեծ ու փոքր են միմյանցից, համապատասխան հավանականություններով կորոշվեն նրա հերթական գործողության հաջող ավարտը կամ ձախողումը։
Կյանքի պահանջարկի ու մարդու առաջարկի միջև նշված բալանսով կամ դիսբալանսով էլ որոշվում է մարդու վիճակը ժամանակի մեջ ու տվյալ կոնկրետ պայմաններում։
Մասնավորապես, կյանքի պահանջարկի ու մարդու առաջարկի միջև բալանսը հնարավորություն է տալիս կառուցել մարդու կյանքի ու գործունեության վիճակի ստատիկ և դինամիկ հավասարումները, որոնք միավորում են գործունեության համար անհրաժեշտ տարբեր տեսակի ռեսուրսները, ներառյալ՝ ինֆորմացիան, մարդկանց գիտելիքները, մոտիվացիան, մարդկանց արած սխալները, գործի մասշտաբն ու դժվարությունը և գործունեության արդյունքները, իսկ հավասարումների հավանականային տարբերակները՝ նաև բռնած գործի հաջողության շանսը և ձախողման ռիսկերը։
Պավել Բարսեղյան